ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Մենք բոլոր հիմքերն ունենք պատմական կարևորագույն քայլ անելու»

«Մենք բոլոր հիմքերն ունենք պատմական կարևորագույն քայլ անելու»
13.03.2015 | 12:27

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո, որտեղ հայտարարվեց սահմանադրական բարեփոխումների մեկնարկը, ԱԺ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԸ լրագրողներին ներկայացնելով նիստում քննարկված հարցերը, ասել էր, որ փոփոխված Սահմանադրությունը նոր տեսլական է ներկայացնում Հայաստանի զարգացման համար: ԳՄ նիստից անմիջապես հետո նրան հարցրի՝ իսկ ի՞նչ տեսակետ ունի ՀՀԿ-ն:

-ՀՀԿ-ն կիսում է կարծիքը, որ երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է համակարգային փոփոխություններ: Հարցը նաև նախապատմություն ունի՝ հիշում եք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը տարբեր քաղաքական ուժեր՝ օրինակ, նույն ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» բարձրացնում էին նախորդ ընտրություններից անմիջապես առաջ: Այն ժամանակ մենք ասում էինք, որ ժամանակը չէ նման փոփոխությունների գնալու: Մենք կարծում ենք, որ հիմա իսկապես երկիրը ժամանակ ու հնարավորություն ունի հասունացած խնդիրները խորքային քննարկման ենթարկելու և այդ փոփոխությունները կյանքի կոչելու՝ այսօրվա սահմանադրական փոփոխությունների առաջարկը անկախ Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման արդյունքն է: Վստահ եղեք, որ ոչ թե քաղաքական մեծամասնության շահն ենք դիտարկում, այլ երկրի զարգացման նպատակը, որը այս պարագայում համատեղված է: Մեր ընդդիմախոսները, մամուլը, քաղաքացիական հասարակության ինստիտուտները հաճախ քննադատում են այս ու այն ոլորտներում գոյություն ունեցող պրոբլեմները, բայց արձանագրելով հետևանքները՝ չեն խորանում պատճառների մեջ: Մենք համարում ենք, որ խնդիրներին պետք է տրվի համակողմանի և ամբողջական լուծում, իսկ այդ պրոբլեմների արմատը թաքնված է Սահմանադրության մեջ: Դա էր պատճառը, որ նախագահի հրամանագրով ստեղծվեց Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողով՝ խնդիր ունենալով ուսումնասիրել վիճակը, վերհանել պրոբլեմներն ու լուծումների առաջարկներ անել: Իրավաբանների մասնագիտական աշխատանքի արդյունքում առաջարկվում է խնդիրների լուծման իրավական տարբերակը, բայց սրանք այն խնդիրներն են, որոնց լուծումը չի կարող միայն իրավական հարթության մեջ լինել, պակաս կարևոր չէ քաղաքական հարթությունը, որովհետև ի վերջո որոշումները քաղաքական պիտի լինեն:
-Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ, որ այդ խնդիրները համակողմանի լուծվեն:
-Մենք տեսնում ենք, որ գործող Սահմանադրությունն ունի որոշակի խնդիրներ իշխանության թևերի փոխհարաբերություններում, մասնավորապես՝ իշխանության թևերի միջև չկա իրական հավասարակշռություն:
-Բայց այդ նույն խնդիրը դրված էր տասը տարի առաջ, երբ Սահմանադրությունը փոփոխվեց ու դրվեց հանրաքվեի:
-Այո, բայց անհրաժեշտ արդյունքը չապահովվեց և նախորդ փոփոխություններով իրական հավասարակշռություն չստեղծվեց: Ընդհանրապես՝ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ իդեալական սահմանադրություն չկա ու մեկ անգամ ընդունված սահմանադրությունը չի կարող առանց փոփոխությունների ընդմիշտ գործել ու կարգավորել իրավահարաբերությունները, որոնք զարգանում ու անընդհատ փոփոխվում են՝ կյանքի փոփոխությունների հետ: Իշխանության թևերի միջև հավասարակշռության պատասխանատվություն-լիազորություն-իրավասություն շղթան ամբողջական չէ: Մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի և ընտրված նախագահի միջև թաքնված կոնֆլիկտ կա գործող Սահմանադրությունով, որը մի քանի անգամ մեր պատմության մեջ արտահայտվել է: Երկու առաջնային մանդատ ունեցող քաղաքական ինստիտուտների միջև իրավասությունների և լիազորությունների պայքար կարող է լինել՝ առանց պատասխանատվության հստակեցման: Պատասխանատվություն-իրավասություն-լիազորություն շրջագծում նախագահը չունի լծակներ՝ ազդելու տնտեսական իրավիճակի վրա, անվտանգության ապահովման միջոցների, բայց ի պաշտոնե պատասխանատու է դրանց համար:
-Դուք կարծում եք, որ հավասարակշռության ստեղծումով կվերանա՞ն խնդիրները:
-Ոչ, մենք չենք համարում, որ Սահմանադրությունը կարող է համադարման լինել բոլոր դժբախտությունների ու դժվարությունների համար: Ի վերջո, աշխարհի փորձը ցույց է տալիս, որ պետական կառավարման տարբեր մոդելների պարագայում ևս կարող է արդյունավետ կառավարում իրականացվել, մենք համարում ենք, որ սկզբունքային խնդիրների ճշտումը կարևոր է երկրի հետագա արդյունավետ զարգացումն ապահովելու համար:
-Երեկ ՀՀ նախագահը հանդիպումներ ունեցավ խորհրդանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որոնց մասին շատ սեղմ տեղեկատվություն էր ներկայացվում, շարունակվելո՞ւ են այդ հանդիպումները:
-Տեղեկատվությունը, այո, հակիրճ էր, որովհետև այս փուլում քաղաքական ուժերի հետ բովանդակային քննարկումներ չեն լինում, դիրքորոշման ճշտում է կատարվում, հանդիպումները շարունակվելու են ոչ միայն քաղաքական դաշտի հետ, այլև քաղաքացիական հասարակության ինստիտուտների, Հանրային խորհրդի անդամների ու, իհարկե, մասնագիտական հանձնաժողովի:
-ՀՀ նախագահի և քաղաքական ուժերի հանդիպումներում ՀԱԿ-ը չնշվեց, չի՞ լինելու կոնգրեսի հետ հանդիպում:
-ՀԱԿ-ը ի սկզբանե հրաժարվել է հարցը քննարկել, ի՞նչ իմաստ ունի հանդիպել Կոնգրեսի հետ, երբ քննարկման եզրեր չկան:
-Ո՞րն է այդ քննարկումների վերջնանպատակը:
-Մենք ուզում ենք մասնագիտական և քաղաքական ծավալուն, անաչառ ու շահագրգիռ քննարկումների ճանապարհով ընդհանրական եզրահանգման գալ այն քայլերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են մեր երկիրը սահուն, առանց կտրուկ շրջադարձերի, բայց և արագ առաջ մղելու համար:
-Որքա՞ն արագ, երբ կլինի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:
-Դեռ վաղ է վերջնական ժամկետ նշելը, ամենայն հավանականությամբ՝ եթե ոչ այս տարեվերջին, եկող տարվա սկզբին: Խնդիրը ոչ այնքան ժամանակն է, որքան կատարվող աշխատանքի բովանդակային արժեքը և հետևանքների իմաստավորումը: Ես կարծում եմ, որ մենք բոլոր հիմքերն ունենք պատմական կարևորագույն քայլ անելու, որը չանելը ոչնչով արդարացված չէ:


Հարցազրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ